Մեր մասին

Մեր մասին

Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնն ունի հիմնարար հետազոտությունների երկար տարիների ավանդույթ տարբեր ուղղություններով՝ տարրական մասնիկների ֆիզիկա, դաշտի քվանտային տեսություն, քվանտային գրավիտացիա, լարերի տեսություն, պինդ մարմնի ֆիզիկա, վիճակագրական ֆիզիկա, ինտեգրվող համակարգեր։

Բաժանմունքում նաև կատարվում են միջգիտակարգային հետազոտություններ՝ կիրառելով տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի արդյունքները կյանքի մասին գիտությունների և տնտեսագիտության ոլորտում կատարվող մոդելավորման փորձերի համար։

Բաժանմունքում կատարվող առաջատար հետազոտությունները և հիմնարար արդյունքները ճանաչված և ընդունված են ամբողջ աշխարհում։ Ամեն տարի կենտրոնի շուրջ 10 գիտաշխատող ընդգրկվում է Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարվող «Բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատող» ցանկում։ 2019 թ․ «Բարդ համակարգերի վիճակագրական ֆիզիկա» խմբի գիտնականները արժանացել են ՀՀ Նախագահի մրցանակին։

2019թ Կենտրոնի գիտաշխատողները  հրապարակել են 50 հոդված։

Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի գիտաշխատողները համագործակցում են բազմաթիվ միջազգային կենտրոնների և համալսարանների հետ, որոնք են՝

  • Պոտսդամի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտ, Գերմանիա
  • ՑԵՌՆ, Շվեյցարիա
  • Բեռնի համալսարան, Շվեյցարիա
  • Հռոմի Տոր Վերգատա համալսարան, Իտալիա
  • Մանչեսթերի համալսարան, Մեծ Բրիտանիա
  • Փերթի համալսարան, Ավստրալիա
  • Բոլոնյայի համալսարան, Իտալիա
  • Դեմոկրիտոս հետազոտական կենտրոն, Հունաստան
  • Լայպցիգի համալսարան, Գերմանիա
  • Բոննի համալսարան, Գերմանիա
  • Բեռլինի Ազատ համալսարան, Գերմանիա
  • Սաքլեյ Տեսական Ֆիզիկայի կենտրոն, Ֆրանսիա
  • Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն , Իտալիա
  • ՄՀՄԻ,  Դուբնա, ՌԴ

Գիտաժողովներ

Ամեն տարի կենտրոնը կազմակերպում է միջազգային գիտաժողովներ՝ համագործակցելով այլ կենտրոնների և համալսարանների հետ։ 2019թ․ Կենտրոնի նախաձեռնությամբ կայացել են հետևյալ գիտաժողովները՝

1. Զարգացող կյանքը՝ փոխզիջումներով էվոլյուցիան, ֆրուստրացիան սելեկցիայում
և աճող բարդությունը,  Երևան, մարտի 29-ապրիլի 3

2. Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար, Երևան, ապրիլի 1-2։  Միջոցառման իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը։ Այն միավորել էր տարբեր ոլորտի բարձրակարգ մասնագետների, որոնք արդյունավետ քննարկումների և գաղափարների փոխանակման միջոցով փորձեցին անդրադառնալ քաղաքականության մոդելավորման, որոշումներ կայացնելու, տնտեսության ոլորտում փուլային անցումների հարցերին։

3. Ժամանակակից կոնդենսացված ֆիզիկայի խնդիրները, Երևան, հունիսի 1-4։ Միջոցառումը ֆինանսավորվել է  Գերմանական DAAD հիմնադրամի կողմից։

4. Դպրոց և կոնֆերանս՝ նվիրված բարդ, ոչ հավասարակշիռ քվանտային համակարգերին բազմամասնիկային ֆիզիկայում և անդին, Երևան, մայիսի 27- հունիսի 7։ Միջոցառումն իրականացվել է ICTP-ի հետ համատեղ, ներգրավված է եղել 100 մասնակից։

5. Սուպերսիմետրիա և քվանտային սիմետրիաներ-SQS-19, Երևան, օգոստոսի 21-31։ Այս միջոցառումն առաջին անգամ անց է կացվել Երևանում՝ ի պատիվ հայտնի ֆիզիկոս Վիկտոր Օգիևեցկու։ Մասնակցել է 100 ներկայացուցիչ 30 երկրներից։

Կարիերայի և կրթական հնարավորություններ

Ապագա ուսանողները և հետազոտողները կարող են դիմել հետազոտական ու ասպիրանտական մի քանի ծրագրերի, որոնք իրականացվում են Ֆոլկսվագենի Հիմնադրամի (Volkswagen Foundation) և Տեսական ֆիզիկայի Միջազգային Կենտրոն -ի (ICTP) կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային դոկտորական ծրագիր մասնիկների տեսական և փորձառական ֆիզիկա» նախագծի շրջանակում։ Նրանց տրվում է հնարավորություն՝ մասնակցելու  Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի (LTP, JINR, Dubna) համագործակցությանը, իրականացնել ժամանակակից հետազոտություններ ԱԱԳԼ-ում և աշխարհի այլ առաջատար համալսարաններում։ Լավագույն ուսանողները ստանում են կրթաթոշակ` մրցակցային հիմունքների վրա։

Կենտրոնը հիանալի կրթական դարբնոց է այն ուսանողների համար, որոնք ցանկանում են խորը գիտելիք ստանալ տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի արդի ասպարեզներում։ Իսկ կիրառական գործունեություն ծավալելու նպատակով կենտրոնը հնարավորություն է ընձեռում մասնագիտանալ բարդ համակարգերի վիճակագրական ֆիզիկայում և շարունակել գործունեությունը թե՛ գիտության մեջ, թե՛ տնտեսության մոդելավորման, տնտեսաքաղաքական համակարգերի ոլորտում կամ արհեստական բանականության ասպարեզում։

Կապ

Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա

Ալիխանյան եղբայրների փ․ 2, 0036, Երևան

Հեռ: +374 10 341 500

Էլ․ փոստ: edu@aanl.am

www.aanl.am

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին