Տիեզերական ճառագայթների հետազոտությունները Հայաստանում սկսվել են անցած դարի 30-ական թվականների երկրորդ կեսին՝ Աբրահամ և Արտեմ Ալիխանյանների նախաձեռնությամբ։ Այդ ժամանակներից ի վեր հետազոտությունները շարունակվում են ԱԱԳԼ «Նոր Ամբերդ» և «Արագած» բարձր լեռնային գիտական կայաններում (ծովի մակերևույթից 2000 մ և 3200 մ բարձրությունների վրա), իսկ ստացված տվյալները փոխանցվում են Երևանում գտնվող ԱԱԳԼ տվյալների մշակման կենտրոն։ Բաժանմունքի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է երկրորդային տիեզերական ճառագայթների գրանցմամբ մթնոլորտային մի շարք երևույթների՝ ներառյալ Երկրի մթնոլորտում մասնիկների արագացման երևույթների ուսումնասիրությունը ամպրոպների ժամանակ։ Բաժանմունքը ակտիվորեն մասնակցում է մասնիկների դետեկտորների արևելաևվրոպական ցանցի աշխատանքներին՝ տիեզերական եղանակի և արև-երկիր փոխազդեցությունների ուսումնասիրության նպատակով։
Արագածի տիեզերական եղանակի կենտրոնում տեղակայված դետեկտորային համակարգերը գրանցում են երկրորդային տիեզերական ճառագայթներում չեզոք և լիցքավորված մասնիկների հոսքերը՝ ապահովելով տվյալներ 24/7 ռեժիմով։ Ստացված տվյալների բազան պարունակում է երկրորդային տիեզերական ճառագայթների մշտադիտարկման ամբողջական տվյալներ, որոնք համակցվում են միջազգային այլ կայաններում ստացված բազաների հետ։ Բաժանմունքի աշխատակիցների կողմից նախագծվել և ստեղծվել է SEVAN (Space Environment Viewing and Analysis Network) դետեկտորային համակարգը՝ այդ թվում Արեգակի ակտիվությամբ պայմանավորված տիեզերական եղանակի մշտադիտարկման և տիեզերական փոթորիկների կանխատեսման նպատակով։ Ներկայումս SEVAN դետեկտորային համակարգեր տեղադրված են Խորվաթիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Չեխիայում, Սլովակիայում և Հնդկաստանում, իսկ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռք բերված գիտական արդյունքները տպագրվում են առաջատար գիտական պարբերականներում և զեկուցվում միջազգային գիտաժողովներին։
Հ.Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունք
ԱԱԳԼ-ի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Փորձարարական Ֆիզիկայի Բաժանմունքի (ՓՖԲ) գործունեությունը սկսվել է 1967 թ.-ին, երբ գործարկվեց 6 ԳէՎ էներգիայով Երևանի էլեկտրոնային սինքրոտրոնը։
Ս.Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոն
Խորհրդային տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժինը Հայաստանում տեսական ֆիզիկայի կենտրոնն էր՝ հիմնադիր, երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Մատինյանի գլխավորությամբ։
Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոն
Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունք
ԱԱԳԼ քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը ստեղծվել է 2022 թվականին: Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են քվանտային տեխնոլոգիաների տեսական հաշվարկներով, իսկ հետազոտությունների արդյունքները տպագրվում են առաջատար գիտական պարբերականներում։
Հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունք
ԱԱԳԼ Հաշվողական Ֆիզիկայի և Տեղեկատվական Տեխնոլոգիաներ բաժինը իրականացնում է աշխատանքներ երկու հիմնական ուղղություններով․ հաշվողական ֆիզիկա և տվյալների վերլուծություն (գիտական գործունեություն), հաշվողական և ցանցային ռեսուրսների մշակում ու սպասարկում (ծրագրատեխնիկական գործունեություն):
Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունք
Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժինը հետազոտություններ է իրականացնում նյութագիտության ոլորտում: Բաժնի նպատակային ուղղություններից մեկը ճառագայթման (էլեկտրոնային, պրոտոնային փնջերի) ազդեցության ուսումնասիրությունն է նյութի ֆիզիկական, օպտիկական և կենսաբանական հատկությունների վրա:
Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժանմունք
Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժինը հիմնադրվել է 2010 թվականին: Բաժինը զբաղվում է բժշկական նպատակներով ռադիոակտիվ իզոտոպներ արտադրելու տեխնոլոգիաների ստեղծմամբ և մշակմամբ, ինչպես նաև արտադրական գործընթացի կազմակերպմամբ: