
Պատմություն
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Ինստիտուտի հիմնադրման ակունքներում ընկած է երկրորդային տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը և այդ նպատակով Արագած լեռան վրա կառուցված տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայանները՝ «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։ 1962 թվականին ինստիտուտն անցել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ։


Ինստիտուտի պատմության կարևոր ուղենիշներից է 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը, որը շահագործման է հանձնվել է 1967 թվականին՝ դառնալով տարածաշրջանում առաջին մասնիկների արագացուցիչը («ԱՐՈՒՍ»)։ 1970–1991 թվականներին Երևանի էլեկտրոնային արագացուցիչի վրա իրականացվել են բազմաթիվ գիտափորձեր, որոնց ընթացքում ուսումնասիրվել են ֆոտոնների հադրոնային հատկությունները, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը, միջուկային նյութի կառուցվածքն ու հատկությունները, ինչպես նաև անցումային և կանալացման ճառագայթումների կարևոր առանձնահատկությունները։ Հատկանշական ձեռքբերումներից է 1970 թվականին Երևանի էլեկտրոնային արագացուցիչի վրա ռենտգենյան տիրույթում անցումային ճառագայթման հայտնագործությունը, որը մինչ օրս լայնորեն կիրառվում է մասնիկների նույնականացման ժամանակակից մեթոդներում։
Այս հաջողությունների շնորհիվ 1985 թվականից սկսած ինստիտուտի գիտաշխատողները ակտիվորեն ներգրավվել են խոշոր միջազգային համագործակցությունների շրջանակներում իրականացվող գիտափորձերում։ ԵրՖԻ-ի ավանդական ուղղություններից է եղել մասնիկներ գրանցող նոր դետեկտորների նախագծումը և ստեղծումը։ Ինստիտուտում ստեղծված լայն կայծային խցիկները և անցումային ճառագայթման դետեկտորները փորձարարական տեխնիկայի զարգացման բնագավառի կարևորագույն ձեռքբերումներից են։ Մեկ այլ նշանակալի ձեռքբերում է 1980-ական թվականների կեսերին մշակված պատկերային մթնոլորտային Չերենկովյան դիտակների (IACT) գաղափարը, որն օգտագործվում է գերբարձր էներգիաների գամմա-ճառագայթային աստղաֆիզիկայում։ Այս մոտեցումը հաջողությամբ կիրառվել է HEGRA միջազգային համագործակցության շրջանակում և հետագայում ներդրվել MAGIC և H.E.S.S. գիտափորձերում։
Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թվականին, Երևանի ֆիզիկայի ինստիտուտն ներառվել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգում, իսկ 2002 թվականից ինստիտուտը կրում է հիմնադիր տնօրեն Արտեմ Ալիխանյանի անունը՝ որպես «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ կառավարության որոշմամբ այն վերանվանվել է «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա», իսկ 2011 թվականին վերակազմավորվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի (ԱԱԳԼ)։
Վերջին տարիներին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականներն ակտիվորեն մասնակցում են արտերկրում իրականացվող միջին և բարձր էներգիաների մասնիկների ֆիզիկայի գիտափորձերին՝ համագործակցելով KEK, JLab, DESY, CERN-LHC,JINR, MAX IV և MAMI գիտահետազոտական կենտրոնների հետ։ Հետազոտություններն ընդգրկում են նուկլոնների և մեզոնների կառուցվածքը, քվարկ-հադրոնային երկակիությունը, նուկլոնի էլեկտրամագնիսական ֆորմ-ֆակտորները, կարճ տիրույթի նուկլոն-նուկլոնային փոխազդեցությունները, քվարկների հադրոնիզացիան, Ստանդարտ մոդելից դուրս ֆիզիկայի որոնումները, Հիգգսի բոզոնի ֆիզիկան, քվարկ-գլյուոնային պլազման, միջուկների և հիպերմիջուկների բաժանումը և այլ արդիական թեմաներ։ Միաժամանակ լաբորատորիայում իրականացվում են փորձարարական սարքավորումների նախագծման, կառուցման, ինչպես նաև տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքներ։
ԱԱԳԼ-ն եղել և շարունակում է մնալ տեսական ֆիզիկայի բնագավառում հետազոտություններ իրականացնող առաջատար գիտական կազմակերպություններից մեկը՝ իրականացնելով միջազգային մակարդակի մրցունակ հետազոտություններ մաթեմատիկական ֆիզիկայի, B-մեզոնների ֆիզիկայի, քվանտային քրոմոդինամիկայի (QCD), նեյտրինոների ֆիզիկայի, դաշտի քվանտային տեսության, լարերի և M-տեսության, ինտեգրվող մոդելների, վիճակագրական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և կոսմոլոգիայի, պինդ մարմնի ֆիզիկայի ու քվանտային տեղեկատվության ուղղություններով։

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր դիրքերը՝ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական պարբերականներում տարեկան հրապարակելով երկրի գիտական արդյունքների զգալի մասը։ Ըստ միջազգային գիտաչափական գնահատականների՝ Հայաստանի գիտական հրապարակումների վրա կատարված հղումների մեծ մասն առնչվում է ԱԱԳԼ-ում իրականացված հետազոտություններին, ինչը վկայում է լաբորատորիայի գիտական գործունեության բարձր ազդեցության և միջազգային ճանաչման մասին։

