Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժանմունք

Իզոտոպների հետազոտության և արտադրության բաժանմունքը ստեղծվել է 2010 թվականին: Բաժանմունքի գործունեությունը նվիրված է բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ իզոտոպների ստացման տեխնոլոգիաների մշակմանը և փորձնական արտադրության կազմակերպմանը:

Գործունեության առաջին տարիներին ԱԱԳԼ գծային էլեկտրոնային արագացուցչի վրա մշակվել են 99mTc և 123I ռադիոիզոտոպների արտադրության տեխնոլոգիաները և իրականացվել է դրանց փորձնական արտադրությունը:

2013 թ.-ին IBA C18/18 ցիկլատրոնի վրա սկսվել է 99mTc-ի արտադրական ամբողջական շղթայի մշակումը և ստեղծումը՝ օգտագործելով հարստացված 100Mo թիրախ: Աշխատանքները ներառում են թիրախի և լազերային պատրաստման տեխնոլոգիաների մշակումը, հովացման համակարգի և ճառագայթված թիրախի անվտանգ տարհանման համակարգի ստեղծումը, ինչպես նաև 99mTc-ի՝ ճառագայթված թիրախից զտման տեխնոլոգիայի և թանկարժեք 100Mo թիրախի վերականգնման տեխնոլոգիաների մշակումը:

2019 թվականին բաժանմունքի աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ ԱԱԳԼ-ին կից գործարկվեց IBA C18/18 ցիկլատրոնը, որի՝ դեպի առանձնացված փորձարարական սրահ հանված փնջատարը նոր հնարավորություններ ստեղծեց ցածր էներգիաների միջուկային ֆիզիկայում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Ցիկլատրոնի վրա Mo թիրախի առաջին ճառագայթման գիտափորձը հաջողությամբ իրականացվեց 2019 թ. վերջին:

Բաժանմունքում իրականացվում են նաև այլ բժշկական իզոտոպների (67Ga, 68Ga, 67Cu և 64Cu) ստացման տեխնոլոգիաների մշակման աշխատանքները, որոնց արդյունքները տեղ են գտնում աշխատակից ուսանողների ասպիրանտական և մագիստրոսական թեզերում:

Իզոտոպների հետազոտության և արտադրության բաժանմունքի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ոլորտի հեղինակավոր գիտաժողովներին, վերապատրաստման ծրագրերին և ամառային դպրոցներին, իսկ նրանց գիտական հոդվածները հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում։

Տես ավելին

Համագործակցություն

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ԱՏԷՄԳ/IAEA)
  • Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (ՄԳՏԿ/ISTC)
  • Կանադայի մասնիկների արագացուցչային կենտրոն (TRIUMF)
  • ԱՊՀ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողով