
Առաքելություն
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի առաքելությունն է ֆիզիկայի բնագավառում առաջադեմ հետազոտությունների իրականացումը, գիտական համալիր կարողությունների զարգացումն ու այնպիսի նորարարական գիտատեխնոլոգիական լուծումների կիրառումը, որոնք ուղղված են պետական կարիքների բավարարմանը, Հայաստանի Հանրապետության անվտանգային, առողջապահական ու տնտեսական համակարգերի հզորացմանը և արդի մարտահրավերներին դիմակայմանը։
Այս առաքելության իրագործման հիմքում ընկած են հիմնարար և կիրառական այնպիսի հետազոտությունները, որոնք կատարվում են տեսական ու փորձարարական ֆիզիկայի, տարրական մասնիկների և միջուկային ֆիզիկայի, նյութագիտության, տիեզերական ճառագայթների ու արագացուցչային տեխնոլոգիաների ուղղություններով։ Գիտական առաջընթացն ապահովվում է նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման բնագավառներում բարձր արտադրողականությամբ համակարգչային մեթոդների ներդրմամբ ու զարգացմամբ։
Որպես հիմնարար գիտությունների ոլորտի առաջատար կենտրոն՝ ԱԱԳԼ-ն միտված է «գիտություն-կրթություն» և «գիտություն-տեխնոլոգիա» փոխգործակցության խորացմանը, ինչը հնարավորություն կտա լաբորատորիայի գիտական ներուժն առավել արդյունավետորեն ծառայեցնել արդիական խնդիրների լուծմանը։
Այս համատեքստում եզակի նշանակություն ունի առկա գիտափորձարարական բազան. 75 ՄէՎ էներգիայով գծային էլեկտրոնային արագացուցիչը և 18 ՄէՎ էներգիայով պրոտոնային ցիկլոտրոնը (C18/18), ինչը ԱԱԳԼ գիտնականներին թույլ է տալիս իրականացնելու բարձրարժեք հետազոտություններ միջուկային ֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում։

