Իվետա Քերոբյան. միջուկային ֆիզիկայով զբաղվող 78-ամյա գիտնականի պատմությունը
  • Երևանում 0
  • Տեղեկատու
  • Մուտք

Իվետա Քերոբյան. միջուկային ֆիզիկայով զբաղվող 78-ամյա գիտնականի պատմությունը

78-ամյա Իվետա Քերոբյանն Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ամենատարեց կին աշխատակիցն է։

Դպրոցական տարիներին արդեն գիտեր, որ պիտի զբաղվի ֆիզիկայով, բայց կոնկրետ միջուկային ֆիզիկայով զբաղվելու որոշումը կայացրել է դպրոցն ավարտելիս: «Այդ ժամանակ միջուկային ֆիզիկան զարգանում էր, և ես գիտակցում էի, որ այն հեռանկարային, ապագա ունեցող ոլորտ է: Այդտեղ շատ գործ կար անելու, ուստի որոշեցի մասնագիտանալ հենց այդ բնագավառում»,-պատմում է գիտնականը:

Լաբորատորիայի՝ այն ժամանակ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ կապն ուսանողական տարիներին սկսվեց, երբ տնօրենը դեռ Արտեմ Ալիխանյանն էր՝ ինստիտուտի հիմնադիրը։ Դիպլոմային աշխատանքի շրջանակում ապագա գիտնականին 1 տարով գործուղեցին Դուբնա: Իսկ երբ վերադարձավ ու պաշտպանեց դիպլոմայինը, ինստիտուտում աշխատանք առաջարկեցին:

Իվետա Քերոբյանն ասում է, որ գիտնականի համար չկա աշխատանքային գրաֆիկ. գիտությունը ստիպում է միշտ ու անդադար մտածել: «Դու չես կարող աշխատանքից հետո գնալ տուն ու այլևս չմտածել: Աշխատանքը հաճախ խլել է ընտանիքիս հասանելիք ժամանակը, բայց ես սա բացասական իմաստով չեմ ասում: Իմ դեպքում աշխատանքը և ընտանիքը փոխկապակցված էին: Իմ օրինակով երեխաներս տեսան, որ աշխատանքին պետք է լուրջ  վերաբերվել, ոչ թե 9-ից մինչև 6-ն աշխատել ու տուն դառնալուն պես մոռանալ գործի մասին»,-նշում է նա:

Իվետա Քերոբյանը խոստովանում է՝ գիտությունը նույնիսկ մեծ տարիքում օգնում է առաջ գնալ, ժամանակից հետ չընկնել: «Համակարգիչը նորոգելու համար մի տղա էր եկել մեր տուն և զարմացավ՝ իմանալով, որ ես Unix-ով եմ աշխատում: Երևի մտածում էր՝ տարեց կին է, պիտի միայն համակարգչային խաղեր խաղա»,-ժպիտով պատմում է Քերոբյանը:

Գիտնականին, թերևս, հաջողվել է գիտության նկատմամբ սերը փոխանցել իր սերունդներին. զավակները և թոռները ֆիզիկոսներ ու ծրագրավորողներ են:

 

© Ա. Ի. Ալիխանյանի Գիտության ազգային լաբորատորիա 2019 Կայքը նախագծված է Պրիզմ կազմակերպության կողմից, իսկ պատրաստվեց ԱԱԳԼ(ԵրՖի) ՏՏ Բաժնի կողմից