ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ԱԱԳԼ Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքը (ՏՃԲ) իր բարձր լեռնային եզակի գիտական կայանների հետ միասին մաս է կազմում բազմաթիվ միջազգային համագործակցությունների, ինչպես նաև հիմնադիրն է Եվրոպական SEVAN (Space Environment Viewing and Analysis Network) մասնիկների գրանցման դետեկտորների ցանցի։

Երկրորդային մասնիկների 24/7 ռեժիմով ստացվող մշտադիտարկման տվյալները, որոնք հասանելի են ՏՃԲ-ի գիտական բազայում, համակցված են աշխարհով մեկ սփռված կայաններից ստացվող տվյալներին՝ նպաստելով ինչպես տիեզերքում, այնպես էլ մթնոլորտում տեղի ունեցող երևույթների մասին ամբողջական պատկերացում կազմելուն: Եվրոպայում ՏՃԲ –ի տվյալների հայելային բազաները ընդլայնում են միջազգային գիտական համայնքի հնարավորությունները` դիտելու ամպրոպային ամպերից եկող երկրորդական տիեզերական ճառագայթների և մասնիկների բոլոր տեսակի փոփոխվող հոսքերը:

Տիեզերական ճառագայթների հետազոտությունները Արագած լեռան լանջերին սկսվել են դեռևս 1943թ.-ին Արտեմ և Աբրահամ Ալիխանյանների կողմից: Այդ ժամանակվանից ի վեր հետազոտությունները շարունակվում են Նոր Ամբերդ և Արագած բարձր լեռնային գիտական կայաններում (ծովի մակերևույթից համապատասխանաբար 2000 մ և 3200 մ բարձրությունների վրա), ինչպես նաև Երևանում։ ՏՃԲ ուսումնասիրության թիրախում են տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բազմաթիվ ասպեկտները, իսկ վերջերս նաև ամպրոպների ժամանակ երկրի մթնոլորտում մասնիկների արագացման հետազոտությունները։

ՏՃԲ-ն հիմնել է մասնիկների դետեկտորների ցանցեր՝ տիեզերական եղանակի և արև-երկիր կապերի ուսումնասիրությունների համար: Արագածի Տիեզերական Միջավայրի կենտրոնի սարքավորումները շարունակաբար գրանցում են Երկրի մակերևույթի վրա ընկնող չեզոք և լիցքավորված տիեզերական ճառագայթների երկրորդային հոսքերը։ 2009թ.-ից սկսած ամեն տարի կենտրոնը գրանցում է 100-ից ավելի էլեկտրոնների, գամմա ճառագայթների և նեյտրոնների հոսքերի ավելացումներ, որոնք կորելացված են ամպրոպային ակտիվությանը և ստացել են Ամպրոպային Վերգետնյա Աճեր (ԱՎԱ) անվանումը։

SEVAN-ը (Space Environmental Viewing and Analysis Network) տարրական մասնիկների դետեկտորների միջազգային ցանց է, որի սարքավորումները տեղադրված են ցածր և միջին աշխարհագրական լայնություններում: Ցանցի նպատակն է բարելավել տիեզերական եղանակի պայմանների հիմնարար ուսումնասիրությունները և ապահովել կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումներ վտանգավոր տիեզերական փոթորիկների համար։ Ցանցի սփռված հանգույցները հնարավորություն են տալիս աշխարհագրական տարբեր տեղանքներում գրանցել երկրորդային տիեզերական ճառագայթների հոսքերի փոփոխությունները՝ դառնալով արևային ակտիվության հետազոտման համար օգտագործվող հզոր, ինտեգրված սարքավորում։ 2007թ.-ից ի վեր առաջին 4 SEVAN դետեկտորները տեղադրվել և գործարկվել են Երևանում և Արագածի լանջերին՝ համապատասխանաբար 1000 մ, 1700 մ, 2000 մ և 3200 մ բարձրությունների վրա։ 2008թ.-ից սկսած SEVAN-ն ցանցն ընդլայնվել է և ներկայումս դետեկտորներ կան տեղադրված  Խորվաթիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Չեխիայում, Սլովակիայում և Հնդկաստանում։

 

Միջազգային համագործակցություն

Բաժանմունքը համագործակցում է տասնյակ ինստիտուտների հետ NMDB (Neutron Monitor Database)  նախագծի շրջանակներում, ևս 5 համագործակցող ինստիտուտներ SEVAN նախագծի շրջանակում՝ Խորվաթիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Գերմանիայում և Չեխիայում: ՏՃԲ-ն ունի ամուր կապեր ԱՄՆ (MIT, Florida University),  Ռուսաստան (MEPhI, IKI, SINP MSU), Գերմանիա (DESY, MPI, KIT) գործընկերների հետ:

 

Հնարավորություններ

Ուսանողներն ու երիտասարդ հետազոտողները կարող են դիմել ՏՃԲ՝ մասնակցելու ասպիրանտական, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերին:

 

 

 

Տես ավելին