Խոստումնալից համագործակցություն՝ քվանտային հաշվարկների ոլորտում
  • Երևանում 0
  • Տեղեկատու
  • Մուտք

Խոստումնալից համագործակցություն՝ քվանտային հաշվարկների ոլորտում

Հայաստանը ֆիզիկայի բնագավառում ցանկանում է նոր հորիզոններ նվաճել: Ֆիզիկայի՝ աշխարհում արդեն հեղափոխական համարվող քվանտային հաշվարկների ոլորտում գործունեություն ծավալելու համար համագործակցության համաձայնագիր են կնքել  Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ)  և «Գեյթ 42»  քվանտային հաշվարկների հետազոտության զարգացման հիմնադրամը:

Լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանի խոսքով՝ հետազոտությունները պետք է համահունչ լինեն համաշխարհային զարգացման նոր ուղղություններին, հետևաբար պետք է հաստատվեն նոր համագործակցություններ:

«Բազմաթիվ երկրներ մեծ գումարներ են ներդնում քվանտային հաշվարկների ոլորտի զարգացման համար, քանի որ կարևորվում է դրա ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերությունները, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը և  IBM-ը, այս ոլորտում արդեն էական հաջողություններ ունեն:  Անհրաժեշտ է Հայաստանում ևս զարգացնել այդ ուղղությունը»,-ասում է Ապրահամյանը՝ ավելացնելով, որ լաբորատորիան նոր ռազմավարությունների մշակման ուղղությամբ է սկսում աշխատել՝ ձգտելով ներգրավել նաև սփյուռքի ներուժը:

«Գեյթ 42» հիմնադրամի տնօրեն Հակոբ Ավետիսյանի դիտարկմամբ՝ ռազմավարական տեսանկյունից ցանկալի է, որ Հայաստանը լրջորեն միանա համաշխարհային «քվանտային մրցավազքին»: «Նպատակահարմար է ձևավորել համագործակցության հարթակներ, որտեղ մասնակիցները բաց նորարարության սկզբունքների համաձայն կներդնեն իրենց ռեսուրսները՝ առավել արագ և արդյունավետ հասնելու միասնական նպատակների»,-ասում է Ավետիսյանը՝ ընդգծելով, որ  քվանտային հաշվարկներ կատարող համակարգիչները  կարող են բեկումնային նշանակություն ունենալ մոտ ապագայում:

Ըստ գիտնականների՝ քվանտային համակարգիչը հնարավորություն է տալիս կատարել այնպիսի հաշվարկներ, որոնք ի վիճակի չեն անել այսօրվա ամենաուժեղ համակարգիչները միասին:

«Քվանտային համակարգիչները ոչ միայն գիտության ուսումնասիրության առարկա են, այլև դառնալու են միջոց՝ գիտության տարբեր ճյուղերում, ինչպես նաև տնտեսության մեջ նոր նվաճումների հասնելու համար»,-ասում է Ավետիսյանը:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Գեյթ 42» հիմնադրամը, հետ չմնալով աշխարհից, այս փաստաթղթի շրջանակում նպատակադրվել են ոլորտը զարգացնել նաև Հայաստանում՝ ակնկալելով, որ առաջխաղացում կարձանագրեն կրթական ոլորտում ևս:

 

© Ա. Ի. Ալիխանյանի Գիտության ազգային լաբորատորիա 2019 Կայքը նախագծված է Պրիզմ կազմակերպության կողմից, իսկ պատրաստվեց ԱԱԳԼ(ԵրՖի) ՏՏ Բաժնի կողմից