ԱԱԳԼ (ԵրՖի)
Հաշվողական ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնն ունի հիմնարար հետազոտությունների երկար տարիների ավանդույթ տարբեր ուղղություններով՝ տարրական մասնիկների ֆիզիկա, դաշտի քվանտային տեսություն, քվանտային գրավիտացիա, լարերի տեսություն, պինդ մարմնի ֆիզիկա, վիճակագրական ֆիզիկա, ինտեգրվող համակարգեր։ Բաժանմունքում նաև կատարվում են միջգիտակարգային հետազոտություններ՝ կիրառելով տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի արդյունքները կյանքի մասին գիտությունների և տնտեսագիտության ոլորտում կատարվող մոդելավորման փորձերի համար։ Բաժանմունքում կատարվող առաջատար հետազոտությունները և հիմնարար արդյունքները ճանաչված և ընդունված են ամբողջ աշխարհում։ Ամեն տարի կենտրոնի շուրջ 10 գիտաշխատող ընդգրկվում է Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարվող «Բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատող» ցանկում։ 2019 թ․ «Բարդ համակարգերի վիճակագրական ֆիզիկա» խմբի գիտնականները արժանացել են ՀՀ Նախագահի մրցանակին։

2019թ Կենտրոնի գիտաշխատողները  հրապարակել են 50 հոդված։

Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի գիտաշխատողները համագործակցում են բազմաթիվ միջազգային կենտրոնների  ...

Հետազոտություններ

Հայտարարություններ

Ուսանողների Համար

Մեր Համագործակցությունները

Նվաճումներ

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1944 թ.-ին, որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ՝ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Ավելի ուշ, Արագած սարի վրա ստեղծվեցին 2 տիեզերական Ճառագայթների կայաններ՝ «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։1963 թ.-ին ինստիտուտը տեղափոխվել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ։ Ինստիտուտի պատմության մեջ կարևոր ուղենիշ հանդիսացավ 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի շինարարությունը, որը ավարտվեց 1967 թ.-ին, դառնալով առաջին մասնիկների արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»)։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԵրՖԻ-ը շարունակում է հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ օգտագործելով աշխարհի ամենամեծ արագացուցիչները և տիեզերական ճառագայթների դետեկտորները։ Այժմ ԵրՖԻ-ը ստացել է Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կարգավիճակ։

Գիտական գործունեության համառոտ նկարագիր

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից դարձան տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը, ինչպես նաև առաջին վկայություններն այն մասին, որ գոյություն ունեն մասնիկներ մյուոնների և պրոտոնների միջև ընկած զանգվածներով։ Արագած սարի վրա՝ 3250 մ ծովի մակերևույթից բարձր, տիեզերական ճառագայթների կայանի հիմնադրումը Հայաստանում մասնիկների ֆիզիկայի զարգացմանը նպաստող քայլերից մեկն էր։ Այս կայանները մինչև այժմ հանդիսանում են ԵրՖի-ի Տիեզերական ճառագայթների բաժնի հետազոտությունների հիմնական բազան։ Վերջին ձեռքբերումներից են սուր ծնկի բացահայտումը սկզբնական միջուկների թեթև բաղադրիչների մեջ, էներգետիկ սպեկտրի նուրբ կազմությունների հետազոտությունները, արևի վրա արագացվող բարձր էներգիայի պրոտոնների գրանցումը և Արագածի Տիեզերական Միջավայրի կենտրոնի ստեղծումը 2000 թ-ին։6 ԳէՎ էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը ավարտվել է 1967 թ-ին։ 1970-1991 թվականների ընթացքում սինքրոտրոնի էներգիան հասել է մինչև 4,5 ԳէՎ և փորձարարական ֆիզիկայի բաժինը ձեռք է բերել զգալի արդյունքներ, այդ թվում ուսումնասիրել է ֆոտոնների հադրոնիկ հատկությունները միջուկներում π- մեզոնների ֆոտոծնման ռեակցիաներում, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը բազմաբևեռային գիտափորձերում, միջուկային նյութի կառուցվածքը և հատկությունները, անցումային և կանալացման ճառագայթումների կարևոր հատկությունները։ Այս հաջողությունների շնորհիվ սկսած 1985 թ.-ից Երևանի ֆիզիկայի ֆիզիկոսները հաջողությամբ ընդգրկված են միջազգային մեծ համագործակցությունների մեջ։ԵրՖԻ-ի ավանդական թեմաներից է եղել մասնիկներ գրանցող նոր դետեկտորների ստեղծումը։ Լայն կայծային խցիկները և անցումային ճառագայթման դետեկտորները, որոնք ստեղծվել են ԵրՖԻ–ում, աշխարհում փորձարարական տեխնիկայի մշակման լավ օրինակներ են։ Վերջին տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների խմբերը ակտիվորեն մասնակցել են արտերկրում միջանկյալ և բարձր էներգիայի ֆիզիկայի գիտափորձերին (JLab, DESY, CERN-LHC, MAX-lab, MAMI), ուսումնասիրելով մեզոնների և նուկլոնների կառուցվածքը, նուկլոնի էլեկտրամագնիսական փոխազդեցությունները, քվարկ-հադրոնային երկակիությունը, կարճ տիրույթի նուկլոն-նուկլոնային փոխհարաբերությունները, քվարկների հադրոնիզացիան միջուկային միջավայրում, ֆիզիկան ստանդարտ մոդելից դուրս, Հիգգս բոզոնի որոնումները, քվարկ-գլյուոնային պլազման, միջուկների և հիպերմիջուկների բաժանումը և տրոհումը և շատ այլ թեմաներ, ինչպես նաև մասնակցել են փորձարարական սարքավորումների կառուցմանը և զարգացրել ծրագրային միջոցներ տվյալների ձեռքբերման և վերլուծության համար։ Տեսական բաժինը ունեցել է խոշոր ձեռքբերումներ հետևյալ ոլորտներում. B-մեզոնի ֆիզիկա, QCD և հարակից ուղղություններ, նեյտրինոյի ֆիզիկա, քվանտային դաշտային տեսութուն, լարային/M-տեսության, ինտեգրվող մոդելներ, վիճակագրական ֆիզիկա, խտացված վիճակ և քվանտային տեղեկատվություն։ Այս արդյունքները միջազգայնորեն ճանաչված են և ունեն բարձր հղելիություն։1980-ականների կեսերին ԵրՖԻ-ում մշակվել է ստերեոսկոպիկ մոտեցման հայեցակարգ գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի մեջ՝ օգտագործելով բազմակի պատկերային Չերենկովյան աստղադիտակները (IACT). Այս գաղափարը շատ հաջող իրագործված է IACT համակարգում (HEGRA). Առաջին հաջողությունից հետո, հայ ֆիզիկոսները հաջողությամբ մասնակցել են IACT համակարգերի շահագործման մեջ Կանարյան կղզիներում (Magic) և Նամիբիայում (Hess). Երկար տարիների ընթացքում, ԵրՖԻ Կիրառական ֆիզիկայի բաժանմունքը հաջողությամբ ուսումնասիրում է նոր լայնաշերտ լազերային նյութերի էլեկտրոն-էներգետիկ կառուցվածքը՝ սինքրոտրոնային ճառագայթման սպեկտրի տարբեր շրջաններում։ Այդ հետազոտությունները իրականացվել են DESY-ում և կշարունակվեն MaxLab- II –ում (Շվեդիա)։Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր կարգավիճակը՝ բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրատարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի բաժին է ընկնում ինստիտուտի աշխատանքներին։ ԵրՖԻ-ի հոդվածների վրա հղումների քանակի հսկայական առավելությունը բացատրվում է նաև գիտական ամսագրերի առավել բարձր ազդեցության գործոնով, որտեղ ԵրՖԻ-ի գիտնականները հրատարակում են իրենց հետազոտությունների արդյունքները։

Նկարադարան

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին