Վալերի Պողոսովի հիշատակին

Այս Թեմայով :

Վալերի Պողոսովի հիշատակին

Վալերի Պողոսով

(18.08.1939 – 09.01.2023)

 

Ալիխանյանի անվան ազգային գիտական ​​լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտը) խորն ափսոսանքով տեղեկացնում է փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի երկարամյա աշխատակից, առաջատար գիտաշխատող, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու Վալերի Պողոսովի՝ սույն թվականի հունվարի 9-ին հանկարծամահ լինելու մասին: Հայաստանի գիտական ​​հանրությունը կորցրեց մեծ հայրենասերի, գիտությանը նվիրված գիտնականի, բարձրակարգ փորձարար ֆիզիկոսի:

Վալերի Սերգեյի Պողոսովը  1965թ.-ին Մոսկվայի պետական Ճարտարագիտական ֆիզիկայի ինստիտուտն ավարտելուց հետո իր գիտական գործունեությունը սկսել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (ԵրՖԻ)՝ ձեռնամուխ լինելով ԵրՖԻ-ում կառուցվող էլեկտրոնային սինքրոտրոնի վրա գիտափորձերի նախապատրաստմանը և անցկացմանը: Մասնավորապես, նա առանցքային դերակատարություն է ունեցել պրոտոնի և նեյտրոնի էլեկտրամագնիսական ֆորմֆակտորի չափման և ծանր միջուկների ֆոտոֆրագմենտացման հետազոտման աշխատանքներում:

 

Նա 1979թ. պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Դեյտրոնների վրա փոքր անկյունների տակ էլեկտրոնների առաձգական ցրման ուսումնասիրությունը» թեմայով: Նրա շնորհիվ ստացվել են առաջին (և մինչ օրս տակավին միակ) փորձարարական տվյալները ծանր միջուկների (բիսմութի միջուկի) այսպես կոչված «իրական եռակի ճեղքման»՝ ֆոտոններով հարուցված պրոցեսի վերաբերյալ:

 

80-ականների սկզբին Վ. Պողոսովը ԵրՖԻ-ի աշխատակից Ա. Թամանյանի հետ միասին ձեռմանուխ է լինում Ավանի աղի հանքում ստորգետնյա ցածրֆոնային լաբորատորիայի ստեղծմանը: Վ. Պողոսովի ղեկավարած խմբի անդամները երկար տարիներ մասնակցել են այդ լաբորատորիայում, ինչպես նաև արտասահմանյան այլ ստորգետնյա լաբորատորիաներում իրականացված գիտափորձերին: Առաջին հերթին պետք է հիշատակել Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի (Մոսկվա) հետ համատեղ ԵրՖԻ-ի ստորգետնյա լաբորատորիայում իրականացված գիտափորձը, որում առաջին անգամ դիտարկվել է 76Ge միջուկի երկնեյտրինային կրկնակի β-տրոհումը, գնահատվել է դրա կիսատրոհման պարբերությունը, ստացվել են իր ժամանակին ամենախիստ սահմանափակումները գերմանիումի այդ իզոտոպի՝ նեյտրինոներով չուղեկցվող կրկնակի β-տրոհման կիսատրոհման պարբերության, ինչպես նաև Մայորանայի նեյտրինոյի զանգվածի համար: Այդ արդյունքները հետագայում հաստատվեցին Վ. Պողոսովի մասնակցությամբ Հոմստեյքի (ԱՄՆ) ստորգետնյա լաբորատորիայում իրականացված համատեղ գիտափորձում: Նա մասնակցել է նաև ԱՄՆ-ի և Իսպանիայի ստորգետնյա լաբորատորիաներում միջազգային IGEX համագործակցության շրջանակներում իրագործված 76Ge միջուկի՝ նեյտրինոներով չուղեկցվող կրկնակի β-տրոհման, ինչպես նաև ռելիկտային «մութ նյութի» որոնմանը նպատակամղված գիտափորձերին, որոնց արդյունքները լայնորեն մեջբերվում են մինչ այժմ:

Վ. Պողոսովն առանցքային դերակատարություն է ունեցել նաև Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա, ՌԴ) հետ համատեղ GEMMA գիտափորձում, որում հաջողվել է ստանալ ներկայիս ամենախիստ վերին սահմաններից մեկը նեյտրինոյի մագնիսական մոմենտի արժեքի համար, որն ընդգրկված է Մասնիկների տվյալների խմբի (Particle Data Group) ժողովածուի մեջ:

ԵրՖԻ-ի ցածրֆոնային լաբորատորիայում Վ. Պողոսովի ղեկավարությամբ հետազոտվել է Ավանի աղի հանքի խորքային շերտերում գերբարձր էներգիաների արտագալակտիկական նեյտրինոների գրանցման հնարավորությունը՝ Գ. Ասկարյանի կողմից առաջարկված մեթոդի հիման վրա, ինչպես նաև ստեղծվել և գործարկվել է տիեզերական ճառագայթների կողմից մթնոլորտում գեներացված բարձր էներգիաների (>150 Գէվ) մյուոնների հոսքի մշտադիտարկման գիտասարք:

Վ. Պողոսովն ակտիվորեն մասնակցել է ԱԱԳԼ-ի էլեկտրոնային գծային արագացուցչի և պրոտոնային ցիկլոտրոնի վրա միջուկային ռեակցիաների հետազոտման աշխատանքներին՝ կիրառելով հարուցված ակտիվության մեթոդը և օգտագործելով ցածրֆոնային լաբորատորիայում գործող գամմա-սպեկտրաչափը: Իր ջանքերի շնորհիվ ստեղծված ալֆա-սպեկտրաչափական գիտասարքի օգնությամբ Վ. Պողոսովին հաջողվել է ստանալ կալիֆորնիումի միջուկի հիպոթետիկ օկտանեյտրոնային ռադիոակտիվության հավանականության առավել խիստ սահմանափակումը:

Խորապես սգում ենք Վ. Պողոսովի անժամանակ մահը և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Բոլորիս համար նա բարձր քաղաքացիության, գիտությանն անձնուրաց նվիրվածության, բարձր կազմակերպվածության օրինակ էր։ Մենք միշտ կհիշենք նրան և կզգանք այս կորուստը։

ԱԱԳԼ-ի  անձնակազմ

 

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին