Համեստ սենյակում, որտեղ կտավին հանձնված գույները արևի ուրիշ լույս են արձակում, անկյունում գեղանկարիչը աշխարհն է ծանրութեթև անում, սինթեզում իր գույները՝ կտավին հանձնելով նոր հորիզոններ: Երբեմն լուռ, երբեմն մտածելով, երբեմն էլ ծածուկ ժպտալով, համեստորեն բառեր է ասում իր կտավներից: Իր փոքր տարածքը կախարդել է գույներով, չի խնայել իր զգայական աշխարհը, անխնա հանձնել է կտավին: Իսկ այդ աշխատանքներն այնքան հարազատ են բոլորին:
Մի խոսքով՝ Մարտին Ակողլյան: Ճանաչողները գիտեն՝ անկեղծ է մենախսում կտավների հետ, չկա արհեստական որևէ զգացմունք, միայն սեր և իրական արժեքներ:
«Քիչ կան պրոֆեսիոնալ նկարիչներ, որոնք նկարում են՝ չմտաելով շահույթի մասին: Կան նկարիչներ, որ սիրողական ձևով նկարում են, խոսքս դրա մասին չէ։ Իրենցից մեկը ես եմ, որ արդեն 1996-97թթ. իմ ընտանիքի նյութական խնդիրներն եմ լուծել։ Լուծել եմ Աստծո տված շնորհով ու երբեք չեմ դծգոհել։ Կապ չունի, մի օր հնարավոր է շատ էժան վաճառես, մի օր թանկ։ Չեմ պատկերացրել, որ ես իմ ստեղծագործությունը կվաճառեմ։ Չունեմ կողմնակի բիզնեսներ, որ ուղղակի նկարեմ նկարելու համար։ Ես դրանով եմ իմ խնդիրները լուծում»:
Անկեղծ զրույցը շարունակում ենք, հետզհետե գեղանկարիչը խոսում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում հայտնվելու, ինստիտուտի պատերը նկարներով գեղեցկացնելու, տնօրեններին դիմանկարելու մասին:
«Այսօր ինստիտուտում գտնվելն էլ մի քանի հանգամանքների հետ է կապված։ Այնպես ստացվեց, որ 2016-2017 թվականներին շատ ծանր տարիներ եղան, նյութական խնդիրներ կային: Նախկին տնօրենը՝ Չիլինգարյան Աշոտը, իմ մոտ ընկերն է, իր առանձնասենյակում իմ գործերից կա: Զանգահարեց ինձ ու ասաց, որ նորանշանակ տնօրենը՝ Անի Ապրահամյանը, տեսել է իմ նկարները, իր մոտ է կանչում: Անի Ապրահամյանի շնորհիվ հայտնվեցի այստեղ: Ինձ համար դժվար տարիներ էին, ես անգամ արվեստանոց չունեի, կորցրել էի։ Շնորհիվ Անի Ապրահամյանի ես նորից ոտքի կանգնեցի։ Դե բոլորի կյանքում էլ լինում է ինչ-որ բան կորցնում ես, հետո նորից գտնում ես»:
- Պարոն Ակողլյան, ստացվում է՝ դուք չեք տեսել բոլոր տնօրեններին, բայց նկարել եք: Ինչպե՞ս:
- Մեր սերունդը, ընդհանուր գիտելիք ուներ ամեն ինչի մասին: Մենք շատ ենք լսել Ալիխանյան եղբայրների մասին: Փոքրիկ գաղտնիք բացեմ, ես ուրիշ մասնագիտություն էլ ունեմ, ավիացիայի ոլորտում: Պատկերացնում եք չէ, սովորում ես ֆիզիկայի օրենքները, բայց մեկ է հանելուկ է՝ ինչպես է այդ հսկա ինքնաթիռը օդ բարձրանում: Էլի ֆիզիկա, հիմա էլ ֆիզիկայի ինստիտուտ: Բայց Աստված ինձ հուշեց՝ բավական է, անցիր քո գործին: Նկարչությունն այլ բան է, նկարելն այլ: Լինել նկարիչ՝ ուրիշ բան։ Մարդը կարող է շատ լավ նկարի, անգամ դասավանդի նկարչություն, բայց չկարողանա իրեն գտնի արվեստի մեջ։ Դու պիտի այս միջավայրում քեզ հատկացված մեկ սանտիմետրը, մեկ դեցիմետրը ինքդ գտնես։
- Եվ տնօրեններին նկարելու մասին... ուզում եմ բացատրեք՝ նայում եք նկարին, պարզապես արտատպում, թե՞ ծանոթանում եք նրանց բովանդակությանը:
- Բնականաբար, ավելի հետաքրքիր է, եթե զրուցում ես մարդու հետ։ Դա ուրիշ ընկալում է, բայց այլ ընկալում է,երբ նայում ես լուսանկարին։ Պետք է փորձես մտնել այդ դաշտը։ Ինչ վերաբերվում է հարցին, ես բնականաբար օգտվել եմ լուսանկարից, նրանց չեմ տեսել, չեմ խոսացել հետները։ Եթե զրուցած լինեի,բնականաբար ավելի հեշտ կլիներ։ Դա ավելի շատ բան կհաղորդեր։ Օրինակ,տնօրենի՝ Անի Ապրահամյանի դիմանկարը, որ կա, ես շփվեցի, զրուցեցի իր հետ, բայց ինքը չուներ էդ ժամանակը, որ նստեր, ես մի 2-3 սեանս նկարեի, օգտվեցի լուսանկարից։ Բայց ես արդեն իրեն ճանաչում էի որպես մարդ, որպես կերպար, որպես ֆիզիկոս։
- Ինչպե՞ս ցույց տվեցիք նկարը անի Ապրահամյանին, ինչպես արձագանքեց:
- Ապրահամյանի երկու եղբայրները նկարում են ու ինքը էդ աչքի սրությունը ունի։ Դե նկարիչները հասկանում են գույնը։ Բայց կան մարդիկ, որ նկարել չգիտեն,բայց էդ աչքի սրությունը ունեն, թե ինչի ա նկարիչը ստեղ էսպես արել։ Իրա մոտ շատ մեծ ա էդ զգացողությունը ու երևումա, որ ինքը շատ մեծ շփում ունի արվեստի հետ։ Մարդ կարողա ամբողջ կյանքում շփվի նկարիչների հետ, բայց էդ բաները չիմանա, չզգա։ Էդ Աստծուց տրված բանա։
Գեղանկարչի հետ զրույցը տևեց մեկ ժամից ավելի: Այստեղ դժվար է ներկայացնել նրա աշխարհընկալումը, յուրաքանչյուր բառն ունի ուրիշ փիլիսոփայություն, ուրիշ ճակատամարտ՝ գեղեցիկ ու բարու նկատմամբ: Զրույցը կիսատ ենք թողնում, հետագայում գեղանկարչի փիլիսոփայությունն ավելի ընդարձակ մեկնաբանելու համար: Մեր կողքի գույների «կախարդի» շնորհիվ ինստիտուտի պատերին հայտնվել են նոր գույներ, մարդիկ, որոնք մի ամբողջ հավերժություն են թողել ինստիտուտի ապագայի համար: