Լուսանկարում Օլեգ Սորոկինն է՝ 1965 թականին, այն ժամանակ 18 տարեկան: Հիսունհինգ տարի անց նույն լուսանկարը ձեռքին, ժպիտը դեմքին, բոլորին պատմում է կանգառած ակնթարթը՝ միակ հիշողությունը, որն ուղեկցում է արդեն կես դարից ավելի: Առանց որևէ սպասելիքի, չմտածելով անգամ սպասվելիք եկամուտի, նստած պատուհանի մոտ հսկում է տարածքը, որը տարիներ շարունակ համաշխարհային ճանաչում է բերել Հայաստանին: Դա բոլորի սպասված ու այսօր էլ իր հարուստ պատմությամբ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի արագացուցիչն է: Համեստ ժպիտի տակ «թաքցնելով» պայքարի տարիները, հպարտություն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր սիրով են լսում իր կեսդարյա աշխատանքի ճանապարհը:
Զրույցը սկսում ենք նկարի առեղծվածից՝ երբ դա պատահեց և ինչպես հայտնվեց շատերի համար գուցե սովորական, բայց իր համար մի կարևոր ամսագրում:
- Պարոն Սորոկին, լուսանկարում պտուտակ է և ձեր դեմքը, ինչպե՞ս պատահեց, ո՞վ լուսանկարեց, ի՞նչ աշխատանք էիք կատարում:
- Տասնութ տարեկան էի, աշխատանքի ամենաթեժ պահերն էին: Բոլորին հետաքրքրում էր՝ ինչ կար այստեղ, ինչ ենք պահում: Շատ հանելուկներ էին մարդիկ պատմում կամ պատկերացնում արագացուցիչի մասին: Դա մի ընթացք էր, երբ շատ լրագրողներ էին գալիս, նկարում, հասկանալու՝ ինչ է նշանակում արագացուցիչ:
- Եվ, ովքե՞ր էին ձեզ հյուր եկել, ինչպես որոշվեց նկարել հենց ձեզ:
- Տարիներ են անցել, գուցե չհիշեմ, բայց մի բան հաստատ լավ եմ հիշում: Եկավ ձեր նման մի սիրուն տղա, ասաց ուզում եմ նկարել պտուտակի աշխատանքը: Ես էլ մինչև միացնելը մոտեցա սարքին, հենց այդ պահին էլ նկարեց:
- Նկատեցի՞ք, որ նկարում են ձեզ, թե պատահական է ստացվել:
- Հա, հա, իհարկե տեսա(բարձր ծիծաղում է): Տեսա, որ լուսավորության հարց էին այդ ընթացքում լուծում, բայց լավ չեմ հիշում՝ ինձ գրիմ արեցին թե չէ: Բայց դա չի կարևորը, կարևորը՝ նկարեցին ու անմահացրին (... և նորից բարձր ծիծաղում է):
- Ինչպե՞ս ամսագիրը հայտնվեց ձեր ձեռքին, կամ ով բերեց ցույց տալու:
- Վայ, չեմ հիշում, միայն հիշում եմ, որ մեր հին աշխատողները բերեցին և ասացին նայիր, երևի մեր ինստիտուտի տպագրությունն է, կամ չգիտեմ, հիսունհինգ տարի է անցել, ես էլ մեծ եմ արդեն:
Երբ փորձում էի սահուն անցում կատարել Օլեգ Սորոկինի աշխատանքային տարիներին, համառորեն լռում, կարծես՝ ինքը չէ, որ անձայն և կես դարից ավելի աշխատում, երբևէ ցույց չտալով կամ չհիշատակելով իր անունը: Բայց կամաց – կամաց սառույցը շարժվեց. լուռ կերպարը սկսեց խոսել համառ լռությամբ:
- 63 թվից մինչև 64 թիվը ես աշխատեցի շինարարության վրա, կոնկրետ էս շենքը,պատերը, ինչ-որ տեղ փոսեր եմ փորել, ջրից մեկուսացնող նյութ էի քսում պատերին, որ խոնավությունը չանցնի։ Կամաց-կամաց հետո անցա գեոդեզիայի խումբը, քանի որ էդ վախտ գեոդեզիան շատ անհրաժեշտ էր: Աշխատեցի մի կես տարի:
- Հավանում էի՞ք այն, ինչը ձեր պատասխանատվության ներքո էր:
Իհարկե, հետո անցա մեր մոտ մագնիսական գործերի խումբ կար, մագնիսական չափումների խումբ, տենց ասենք։ մենք սկսեցինք ստանալ մասերը, էդ հսկայական մեծ մագնիսներ են, ամեն մեկը մոտավորապես 16-17 տոննա։ Էդ առանձին իրա մասերը մեկ-մեկ հավաքել էինք, ստուգում էինք: էդ խումբը, որ կար, ստուգում էր մագնիսական դաշտերը, մենք որոշում էինք՝ տվյալ մագնիսը կլինի առաջինը, երրորդը, թե հինգերորդը. տենց 48 հատ մագնիս էր։ Բացի այդ, նկարի մեջ երևում է՝ բառաբանները, դրանք բարձր հաճախականության, սենց ասենք,մի հանգույց է,որը նպաստում է էլեկտրոնային շարժմանը, որ արագություն ստանա։ Մենք ավարտեցինք ամբողջական մոնտաժը և 67 թվի հոկտեմբերին թողարկումը եղավ։
- Ինչի՞ թողարկումը։
-Արագացուցիչի։ Թողարկեցինք, մեր նախագծային էներգիան ստացանք: Ալիխանյանը բավականին մեծ ուրախություն կրեց, բերեց մի արկղ շամպայն, հետաքրքիր էր մեզ համար նորություն էր: Լուսանկարիչ, լուսանկարող ապարատ էր, սեղմակը սեղմեց, դուրս եկավ պատրաստի նկարը։ Աշխարհում սաղ-սաղ էդ մեքենայից երեք հատ էր։ Ամերիկայում, Գերմանիայում, մեկ էլ Սովետական Միությունից՝ Հայաստանում։
- Կա՞ն հետաքրքիր հիշողություններ, որ միշտ եք հիշում:
- Մի տարի, չեմ հիշում՝ որ տարին էր:Գուրզադյանը ստեղ փորձ դրեց, մեծ նշանակություն ունեցող փորձ էր։ Մեզ շատ բարձր պարգևատրում տվեցին, դա օգտագործեցին տիեզերքի ,նավերի բանի մեջ: Մեր վարկանիշը բարձրացավ: Ստեղ բավականին մեծ քանակով մարդիկ էին աշխատում։Հետո մի տարի էլ Ալիխանյանը հրավիրեց միջազգային ֆիզիկների դպրոց, տարբեր երկրներից գիտնականներ եկան։
- Հայաստանու՞մ։
- Հայաստանում, հա։ Զարմացան,որ սենց երկիր կա, որ հայությունը ստեղա հավաքված, որ համ արվեստ, համ գիտություն կա։ Էդ վախտ էլ Փարաջանովը իրա ֆիլմն էր հանել նոր՝ «Նռան գույնը»։ Էդ էլ, որ Ալիխանյանը հանեց,ցուցադրեց: Գիտություն և արվեստ, տեսնել էր պետք։ Ստեղ շատ մեծ մտքի տեր մարդիկ էին աշխատում, Ալիխանյանը բերել էր։ Հենց մեկը, ասեմ, Յուրի Ֆեոդորովիչ Օրլովը վախտին ինչ դեր տարավ, ոտից գլուխ միտք էր։ Ինքն էր նախագծել, էդ սաղ հաշվարկները արել էս մեր արագացուցիչի։
-Ուզում եմ հասկանալ՝ Փարաջանովի ֆիլմը և Ալիխանյանը: Ի՞նչ կապ կար:
-Ալիխանյանի ընկերները Չապլինն էր, Ռայկինը, Սարոյանը, նույն ձևի Փարաջանովը, Վազգեն Առաջինը։ Անտոն Երվանդիչը գալիս էր Ալիխանյանի առանձնատուն, նա դիմավորում էր առանց ավելնորդ պատրաստվելու:
- Անտոն,զախաձի, զախաձի(ծիծաղում է)։ Շրջապատ ուներ էդ մարդը։ Ինքը, ստեղ աշխատելով հանդերձ, չգիտեմ, շաբաթը մի անգամ,թե կվարտալը մի անգամ գնում էր Նահանգներ, դասախոսություն էր կարդում։
- Արագացուցիչը ձեր կյանքի հարատև շղթա՞ն դարձավ:
- էս վարակը մեր ոտը կոտրեց,թե չէ գալիս էին Չեխիայից, Մոսկվայից, իրան էլ Նահանգների պատվերն էին անում,գալիս ստեղ փորձը դնում էին։ Բայց հույս ունենք՝ կարողա բացվի ճանապարհները, էլի շարունակվի էդ ավանդույթը, կգան, կգնան։
-Դուք ու Ալիխանյանը, օրինակ, հանդիպե՞լ եք։
- Դե գալիս էր Ալիխանյանը Պասոյան Գուրգենի տուն,ես էլ էնտեղի բնակիչ էի, շատ անգամ սեղան նստել եմ հետը:
- Օրինակ ի՞նչ կհիշեք, որ նստել եք սեղան Ալիխանյանի հետ։
- Սեղանի շուրջ ուղղակի խոսակցությունա եղել․ ինչ համեղա, եղանակը ոնցա: Հետաքրքիր փաստ ես կարամ ուրիշ պատմեմ: Ռայկինը եկել էր ստեղ:
- Ո՞վ։
- Ռայկինը,Արկադի Ռայկինը։Մեր ակումբում համերգ էր տալիս։ Բնականա՝ առաջին շարքում Ալիխանյաննա նստած, էլի գիտնականներ,մի հատ էլ կար ակադեմիկ՝ Մալխասյան։ Ռայկինը էնտեղ բեմի վրա կոտրտվումա, սաղ դահլիճը մեռնումա ծիծաղալով, էս Մալխասյանը, շարունակ լուռ էր: Համերգը վերջանումա, Ռայկինը մոտենումա, ասումա՝ Արտյոմ,օն յումռ նե պանիմայե՞տ: Ալիխանյանն էլ՝ հումորի մեծ մարդ էր, ասաց՝ նյեետ, գլուխոյ: Վերջը՝ վերջանումա համերգը, վերջում էլի հավաքվում են, Ռայկինը գալիսա Մալխասյանի մոտ բարձր-բարձր գոռումա։
-Ա շտո...Յա սլիշու...Ալիխանյանը էնտեղ մեռնումա ծիծաղալուց։ Սենց մի պատմություն կա։
Եվ նորից լուռ, նայելով կիսաբաց պատուհանից դուրս, Օլեգ Սորոկինը նորից թեթև ժպտում է, փորձում հավաքել տարիների կուտակված մտքերը, հետ նորից նայում նկարին: Դա, գուցե շատերի համար սովորական մի էջին տեղ գտած լուսանկար է, իսկ իր համար՝ մի ամբողջ կեսդարյա աշխատանքի լուռ վկան: