Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը` ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:
ԱԱԳԼ հիմնադրամը սրտանց շնորհավորում է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Կրթությունը սոսկ գիտելիքի փոխանցում չէ, դա հիմք է ամբողջական՝ գիտական նոր հորիզոնների և նվաճումների: Գիտելիք և գիտություն՝ մեկ մյուսին որպես շարունակական շղթա՝ կայուն հիմք՝ նոր նվաճումների:
Նոր ուսումնական տարվա առաջին օրը նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 «Սեպտեմբերի մեկը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով: Պետական տոն է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում:
Սեպտեմբերի մեկին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։
Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: Իսկ Ռուսաստանում այն սկսում են նշել 15-րդ դարի վերջին՝ 1492 թվականին, Հովհաննես III-ի հրամանով։ Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով մինչ այդ տարվա սկիզբը արդեն սկսել էր տոնել սեպտեմբերին։
1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի մեկից տեղափոխվեց հունվարի մեկ: Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։ Մյուս պատճառն էլ այն էր, որ այդ օրերին դպրոցը սերտ կապված էր եկեղեցու հետ, իսկ եկեղեցին չէր շտապում փոխել իր ամանորյա օրացույցը, որտեղ Նոր տարին նշվում էր սեպտեմբերի մեկին։