Կեսդարյա գիտապատումն ընդհատվեց և անմահացավ. կյանքից հեռացել է Արա Գրիգորյանը

Այս Թեմայով :

Կեսդարյա գիտապատումն ընդհատվեց և անմահացավ. կյանքից հեռացել է Արա Գրիգորյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ գիտնական, ԱԱԳԼ-ի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արա Արտեմի Գրիգորյանը:

Գրիգորյանի հետազոտությունները վերաբերել են բարձր էներգիաների հադրոնների փոխազդեցությունների տեսությանը: Նրա աշխատանքներից հատկապես մեծ արձագանք ստացավ բարձր իզոսպինով էկզոտիկ բարիոնային ռեզոնանսների գոյության կանխագուշակումը, ինչը խթան հանդիսացավ անցյալ դարի ութսունական- իննսունական թվականներին դրանց որոնմանն ուղղված գիտափորձերի համար Խորհրդային Միությունում գործող պրոտոնային արագացուցիչների, ինչպես նաև միջազգային խոշորագույն գիտական կենտրոնի՝ Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) սուպերպրոտոնային արագացուցչի վրա:

Ուժեղ փոխազդեցությունների տեսական ֆիզիկայի բնագավառում Ա. Գրիգորյանի հեղինակած աշխատանքները հիմք հանդիսացան 1979 թ. թեկնածուական, իսկ 1992 թ.՝ դոկտորական թեզի պաշտպանության համար: Միաժամանակ այդ տարիներին նրա ղեկավարության ներքո բարձր գիտական որակավորում են ստացել մի շարք երիտասարդ գիտնականներ:

Անգնահատելի է Ա. Գրիգորյանի դերը CERNի և նորանկախ Հայաստանի հանրապետության միջև անմիջական գիտական կապերի հաստատման և զարգացման գործում: Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ ԵրՖԻ-ն ներգրավվեց անցյալ դարի 90-ականներից ի վեր CERNի սուպերպրոտոնային սինքրոտրոնի վրա իրականացվող գիտափորձերում, որոնց նպատակն էր հետազոտել բարձր էներգիաների միջուկային բախումներում գոյացած գերխիտ, գերտաք հադրոնային նյութի (մասնավորապես, քվարկ-գլյուոնային պլազմայի) հատկությունները:

Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ ԵրՖԻ խմբի անդամներն արժեքավոր ավանդ են ունեցել այդ գիտափորձերում, ինչի վկայություններից է նաև CERN-ի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող երկու INTAS նախագծերին ԵրՖԻ-ի մասնակցությունը 1997-1999 և 2000-2003 թվականներին: CERN-ի հետ համագործակցության խորացման գործում Ա. Գրիգորյանի գիտակազմակերպչական գործունեության առավել նշանակալի ձեռքբերումը կարելի է համարել աշխարհի խոշորագույն արագացուցչի՝ CERNի Մեծ հադրոնային կոլայդերի (LHC) վրա քվարկգլյուոնային պլազմայի որոնման գիտափորձերի նախապատրաստման նպատակով ստեղծված ALICE համագործակցությունում 1996 թվականից ի վեր ԵրՖԻ լիիրավ անդամի կարգավիճակի ձեռքբերումը և ALICE գիտասարքի նախագծման, ստեղծման և այնուհետև շահագործման աշխատանքներին նրա կողմից ղեկավարվող ԵրՖԻ մեծաքանակ խմբի ակտիվ մասնակցությունը:

Առանձնակի հիշատակման է արժանի Ա. Գրիգորյանի կողմից ստեղծված երիտասարդ մասնագետների խմբի հսկայական ներդրումը ALICE գիտափորձի հաշվողական միջավայրի զարգացման աշխատանքներում: Մեծ է Ա. Գրիգորյանի ներդրումը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Շնորհիվ նրա հոգատար, միաժամանակ նախանձախնդիր վերաբերմունքի, նրա աշակերտների մեծ մասը դառել են բարձրակարգ և պահանջված մասնագետներ, որոնցից շատերն այժմ աշխատում են աշխարհի մի շարք առաջատար գիտական և տեղեկատվական- տեխնոլոգիական կենտրոններում:

Ա. Գրիգորյանը հեղինակակից է ավելի քան 300 գիտական աշխատանքների, որոնք հրատարակվել են միջազգային հեղինակավոր պարբերականներում: Նրա՝ գիտությանն անձնուրաց նվիրված գիտնականի, անկեղծ և հոգատար ընկերոջ կերպարն անջնջելի հետք կթողնի նրան ճանաչողների սրտում: