ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ Հ. ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻՆ

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ԱԱԳԼ վաստակաշատ գիտաշխատող Հրանտ Ռուբենի Գուլքանյանին՝ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Մաղթում ենք հարգարժան ֆիզիկոսին քաջառողջություն, նոր հաջողություններ աշխատանքում, բեղմնավոր գործունեության շարունակականություն՝ ի նպաստ Հայաստանում գիտության զարգացման:
1965 թ.-ին Հրանտ Գուլքանյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք. Դուբնա):
1974 թ.-ից աշխատանքի է անցել ԵրՖԻ-ում և անմիջապես ներգրավվել է տեղի ֆիլմային ինֆորմացիայի մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքներում:
Հ. Գուլքանյանի ղեկավարած խումբն ակտիվ և արդյունավետ մասնակցություն է ունեցել CERN-ի Մեծ հադրոնային կոլլայդերի վրա ALICE գիտափորձում՝ հաջողությամբ գրանցելով առավել հավաստի վկայություններ գերբարձր էներգիաների միջուկային բախումներում նյութի նոր վիճակի՝ քվարկ-գլյուոնային պլազմայի առաջացման վերաբերյալ:
Վերջին տարիներին Հ. Գուլքանյանը կարևոր դերակատարություն է ունեցել ԱԱԳԼ գծային էլեկտրոնային արագացուցչի և պրոտոնային ցիկլոտրոնի վրա միջուկային փոխազդեցությունների հետազոտման ծրագրի մշակման և իրագործման ուղղությամբ: 2002-2015 թթ.-ին նա եղել է պետական բյուջեից ֆինանսավորվող չորս թեմաների ղեկավար: Համահեղինակել է ավելի քան 200 գիտական հոդված:
Գիտական բեղմնավոր գործունեության, գիտական նոր սերնդի ներգրավման հարցում մեծ ներդրման, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Հրանտ Ռուբենի Գուլքանյանը պարգևատրվում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի Ինստիտուտ)» հիմնադրամի պատվավոր հուշամեդալով։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք սիրելի ֆիզիկոսին և լիահույս ենք, որ նա կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունն ԱԱԳԼ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում, կնպաստի երիտասարդ մասնագետների մասնակցությամբ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու ամփոփմանը:

 

Նմանատիպ Նյութեր