Մագիստրոսական ծրագիր

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Տիեզերական ճառագայթների բաժանմունքի հիման վրա ստեղծված  Տիեզերական ուսումնասիրությունների գիտակրթական կենտրոնի ներքո գործում է ֆիզիկա մասնագիտության «Միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա» կրեդիտային համակարգով երկամյա մագիստրոսական կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է արդի հետազոտական խնդիրների հիման վրա ուսուցանել փորձարարական ֆիզիկայի հիմնարար դրույթները, ինչպես նաև խորքային գիտելիքներ փոխանցել կիրառական հետազոտությունների ոլորտում:

Ուսումնական գործընթացը հիմնված է  ժամանակակից հետազոտական մեթոդների, գիտափորձերի նախագծման, մոդելավորման ու տվյալների վերլուծության վրա: Մագիստրոսական ծրագրի շրջանակում անցկացվում են գիտական սեմինարներ, ինչպես նաև գիտահետազոտական պրակտիկա, որն ուսանողին ու ապագա գիտնականին գիտափորձեր կատարելու և արդյունքներն ինքնուրույն վերլուծելու, գիտական նյութը ներկայացնելու և գնահատելու հմտություն է տալիս:

Ուսանողներին նաև տրվում է հնարավորություն՝ մասնակցելու ԱԱԳԼ-ի նախընտրած բաժանմունքի գիտահետազոտական աշխատանքներին: 

ԱԱԳԼ-ի մագիստրատուրայում դասավանդում են լաբորատորիայի առաջատար գիտնականները: Մագիստրոսական ծրագրի բոլոր շրջանավարտները մինչև օրս շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը միջազգային կազմակերպություններում և ԱԱԳԼ-ի տարբեր բաժանմունքներում: 

ԿԳՍՄ նախարարության կողմից սահմանված ընդունելության ժամանակացույցը և պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ ԱԱԳԼ-ի պաշտոնական կայքում (www.yerphi.am):