Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1942 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից՝ որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ։ 1943 թ․ ԵրՖԻ-ն ստացել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակ։ Ավելի ուշ Արագած սարի վրա ստեղծվել են տիեզերական ճառագայթների «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ) կայանները։ 1963-ին ինստիտուտն անցել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: 2011 թ․ սեպտեմբերին ԵրՖԻ-ն ստացել է ազգային լաբորատորիայի կարգավիճակ՝ «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ» անվամբ։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան գիտության ոլորտում առաջատարի կարգավիճակ ունի Հայաստանում։ Բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրատարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը, ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի, բաժին է ընկնում Ազգային լաբորատորիայի աշխատանքներին։
Ազգային գիտական լաբորատորիայի ռազմավարական խնդիրների շարքում են հիմնարար գիտություններում առաջատար եւ նորագույն հետազոտությունների իրականացումը, գիտության տեխնոլոգիական կիրառումը՝ ի նպաստ երկրի տնտեսության, անվտանգության, առողջապահության, էներգետիկայի եւ գիտնականների հաջորդ սերնդի կրթության ապահովումն ու վերապատրաստումը (գիտության մեջ սերնդափոխության խնդրի լուծում): Սա նշանակում է, որ գիտության ազգային լաբորատորիան պատասխանատվություն է կրում երկրի գիտական առաջընթացի, տնտեսական բարեկեցության, առողջապահության եւ անվտանգության ապահովման համար։
Կրթական կենտրոնի՝ որպես ԱԱԳԼ-ի առանձին ստորաբաժանման ստեղծման հիմնական ռազմավարական նպատակն է երիտասարդների ներգրավումը գիտական աշխատանքներում և գիտական կյանքում, ինչպես որպես ապագա գիտնական դառնալու հեռանկարով, այնպես էլ հանրությանը գիտությանը մոտեցնելու նպատակով։ Այս ամենի հետ միասին պետք է երաշխավորել ուսանողների գիտելիքների և հմտությունների բարձր մակարդակ:
Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Մեդիա խմբի առանցքային թիրախը գիտական կառույցի աշխատանքների մեծամասշտաբ հանրայնացումն է։ Գիտական գործունեությունը հասարակության լայն զանգվածներին իրազեկելու համար Մեդիա խումբը կիրառում է լայն գործիքակազմ: Մեդիա խումբը ակտիվ համագործակցում է հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի, ռադիոների հետ, որոնք պարբերաբար լուսաբանում են ինստիտուտի աշխատանքները։
Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) (ԱԱԳԼ)՝ որպես գիտահետազոտական հաստատություն, իրականացնում է գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով:
1971 թ.-ից լաբորատորիայի ավելի քան 200 շրջանավարտի շնորհվել է գիտությունների թեկնածուի կոչում, որոնք այժմ ղեկավարում են հիմնական գիտական ուղղությունները, ինչպես նաև վերապատրաստում են նոր կադրերի:
Ասպիրանտուրան գործում է անվճար հիմունքով՝ առկա և հեռակա (համապատասխանաբար 3 և 4 տարի տևողությամբ) ուսուցմամբ՝ հետևյալ մասնագիտություններով.
տեսական ֆիզիկա,
միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա:
Ընդունելութունն իրականացվում է՝ ելնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգի» պահանջներից և հայտարարված մրցույթի քննությունների արդյունքից:
Ասպիրանտների ատենախոսության թեման և գիտական ղեկավարի ընտրությունը քննարկվում և հաստատվում է գիտական խորհրդի նիստում: Նույն մասնագիտությունների գծով և նույն կարգով հաստատվում է հայցորդության կարգավիճակը: Ասպիրանտներն անցնում են ամենամյա ատեստավորում` համաձայն իրենց հետազոտական աշխատանքի կրթական պլանի՝ ներկայացնելով հաշվետվություն կատարած հետազոտությունների, գիտաժողովներին և փորձերին մասնակցության վերաբերյալ:
Ասպիրանտական ծրագրի շրջանակում իրականացվում են մասնագիտական դասընթացներ, կազմակերպվում են գիտական սեմինարներ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար: Դասախոսությունները վարում են ինչպես լաբորատորիայի, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություններից հրավիրված առաջատար մասնագետները:
ԱԱԳԼ-ն, համագործակցելով արտասահմանյան կրթական հաստատությունների հետ, իրականացնում է նաև միջազգային ասպիրանտական ծրագրեր: 2018թ.-ից, օրինակ, մեկնարկել է «The Regional Doctoral Program on Theoretical and Experimental Particle Physics» («Տեսական ֆիզիկայի և փորձարարական մասնիկային ֆիզիկա») ծրագիրը:
Լաբորատորիայի ասպիրանտներն ամեն տարի մասնակցում են «Լավագույն ասպիրանտ» և «Նախագահի մրցանակ» մրցույթներին: 2019 թ. լաբորատորիայի ասպիրանտներն արժանացել են 5 մրցանակի: