ՄԵՆՔ

ՄԵՆՔ
 Գիտությունը տեխնոլոգիայի և նորարարության հիմքն է․ շուրջ 8 տասնամյակ այս մոտեցմամբ է գործում Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ)՝ հանրահայտ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։
 Ստեղծման օրից՝ 1943 թվականից, գիտական կենտրոնը տարածաշրջանային առաջատար է  հիմնարար գիտությունների ոլորտում: Ֆիզիկայի բնագավառում գրանցված նվաճումների լայն սպեկտրը փաստում է, որ այն գիտության ամենազարգացած և անընդհատ զարգացող ուղղությունն է Հայաստանում։
 21-րդ դարի մարտահրավերները՝ համավարակներն ու պատերազմները փաստեցին, որ արհավիրքներին դիմակայելու միակ գործուն ուժը զարգացող գիտությունն է։ Եվ, ինչպես փորձը ցույց տվեց, մեր երկրի թիվ մեկ գիտական կառույցն ունակ է դիմագրավելու պահի ամենաբարդ խնդիրներին։ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան զարգանում է՝ ի պատասխան փոփոխվող ազգային առաջնահերթությունների, և նրա պարտքն  է՝ արձագանքել հրատապ ազգային կարիքներին։
 Օգտագործելով հիմնարար և կիրառական գիտություններում ունեցած ողջ ներուժն ու հնարավորությունները՝ ֆիզիկայի ոլորտի առաջադեմ գիտնականներն ստեղծում են նոր տեխնոլոգիաներ, որոնց գործունեությունը միտված է նորարարությանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը։
 ԱԱԳԼ-ն գիտության և տեխնոլոգիայի հզոր կենտրոն է, որի գիտնական-հետազոտողներն ու հմուտ տեխնիկական անձնակազմն ունակ են լուծելու լրջագույն գիտական մարտահրավերները։ Կենտրոնը պատվով պահպանում է տարածաշրջանի գիտական առաջատար կառույցի կարգավիճակը՝ կատարելով համաշխարհային մակարդակի մրցունակ ու նորարարական հետազոտություններ։ Այն միջազգային գիտական համայնքի լիարժեք անդամ է և համագործակցում է ավելի քան 50 երկրի հետ՝ իր ներդրումն ունենալով ֆիզիկայի արագ զարգացող բնագավառներում, համաշխարհային գիտափորձերում և տվյալների մշակման գործում։
 Ներկայումս ֆիզիկական գիտությունների ոլորտում ձևավորվել է հետազոտությունների ու նվաճումների լայն դաշտ, և Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն ունի արդի գիտատեխնիկական հեղափոխության մեջ։ Հայ ֆիզիկոսներն ու աստղագետները մի շարք փայլուն գիտական արդյունքներ են ներկայացրել աշխարհին։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
 Ազգային գիտական լաբորատորիայի հիմնական առաքելությունն է՝ ֆիզիկայի ոլորտում իրականացնել առաջադեմ հետազոտություններ, ստեղծել գիտական ​​համալիր կարողություն և կիրառել գիտական ​​ու տեխնոլոգիական լուծումներ, որոնք կբավարարեն ազգային կարիքները, կբարելավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջապահական, տնտեսական, անվտանգային բարօրությունը և կդիմագրավեն դարի մարտահրավերներին։
ԱԱԳԼ առաքելության կայացման հիմքում ընկած են միջուկային բժշկության և արագացուցչի հետազոտությունների կիրառական հնարավորությունները, նյութերի, մասնիկների և տիեզերական ճառագայթների ուսումնասիրութունները, տեսական ոլորտի առաջընթացները, արհեստական բանականության և մեքենական ուսուցման բնագավառներում համակարգչային առաջադեմ մոտեցումները:

ՆՊԱՏԱԿ
 Լինելով հիմնարար գիտությունների ոլորտի առաջատար՝ ԱԱԳԼ-ն նպատակ ունի հիմք դնել առանցքային նորարարությանը, որը հնարավորություն կտա գիտնականներին՝ համախմբվելու հայկական գիտական ներուժի շուրջ։ Տեխնոլոգիական ճեղքումների մեկնարկը տրվել է միջազգային քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծմամբ։
 Դրան զուգահեռ՝ ցիկլոտրոն արագացուցիչ սարքի առկայությունը ԱԱԳԼ գիտնական-հետազոտողներին հնարավորություն է տալիս ոչ միայն ճշգրիտ ախտորոշում իրականացնել միջուկային բժշկության ոլորտում, այլև գիտափորձեր անել գիտական առաջատար ճյուղի՝ միջուկային ֆիզիկայի բնագավառում։
 Արժեքավոր է հայաստանյան գիտնականների ստեղծած ժամանակային գերկարճ ինտերվալներ չափող գերճշգրիտ սարքը, որը հետազոտություններից զատ՝ նաև շատ կարևոր կիրառական նշանակություն կարող է ունենալ անվտանգային հարցերում:

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Հիմնարար գիտական հետազոտությունները հիմնարար ազդեցություն ունեն բոլոր կիրառական ոլորտների վրա և հանգեցնում են կիրառական արդյունքի։ Ազգային լաբորատորիայի ներուժը եզակի հնարավորություն է՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում  էներգետիկայի, ազգային անվտանգության, առողջապահության, բնապահպանության և մյուս ոլորտների առաջընթացն ու զարգացումը:
 Հայաստանում տնտեսական հեղափոխություն անելու համար անհրաժեշտ է զարգացնել քվանտային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, ուստի Ալիխանյանի անվան լաբորատորիան սկսել է համագործակցել ՏՏ ընկերությունների հետ՝ երկկողմանի բարձր արդյունավետություն և նորարարական առաջընթաց ապահովելու համար։
 Ազգային լաբորատորիան կոչված է խթանելու նորարարությունը։ Հետազոտող գիտնականների ապացուցված փորձն ու հմտությունը վկայում են տեխնոլոգիաների ոլորտում նրանց ներուժը՝ դառնալու արդյունաբերական տարբեր խմբերի հիմնական գործընկերները: Արդյունաբերության ճյուղերի հետ համագործակցությամբ մշակված տեխնոլոգիաների առևտրայնացումը կստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղեր և կնպաստի մեր երկրի տնտեսական մրցունակության բարձրացմանը։
 Լինելով ֆիզիկական գիտությունների խոշորագույն կենտրոն՝ Ազգային լաբորատորիան տանամյակներ ի վեր բարձրակարգ կրթություն է ապահովում՝ մագիստրատուրայից մինչև հետբուհական կրթություն, կոնֆերանսներ, աշխատաժողովներ, սեմինարներ, փորձի փոխանակում և ամառային ճամբարներ։

ՏԵՍԼԱԿԱՆ
 ԱԱԳԼ-ի տեսլականն է՝ դառնալ բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի և միջուկային բժշկության ու հարակից կիրառական ոլորտներում գիտական առաջադեմ հետազոտությունների, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման տարածաշրջանային լավագույն կենտրոնը:
 Ռազմավարական նպատակն է՝ ԱԱԳԼ-ի առաքելության գիտական շրջանակի ընդլայնումն ու նորագույն գլոբալ ստանդարտների կիրառումն արդյունավետության, արտադրողականության և զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև Հայաստանում երիտասարդ գիտնականների մոտիվացումն ու նրանց համար հետաքրքիր նախագծերի ստեղծումը:
 Գիտության ոլորտում խիստ կարևոր են երկարաժամկետ ներդրումները։ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականների հավաստմամբ՝ սեփական արբանյակն ու ժամանակակից սարքավորումները կընդարձակեն գիտության և տեխնոլոգիայի սահմանները։

ԱԱԳԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. իրականացնել համաշխարհային մակարդակի բարձրակարգ հետազոտություններ,
  2. լիարժեք օգտագործել առկա գիտական ներուժն ու հնարավորությունները,
  3. խրախուսել Հայաստանի սահմանների ներսում գիտական հետազոտությունների իրականացումը համապատասխան սարքավորումների ձեռքբերմամբ,
  4. առաջընթաց գրանցել ցածր էներգիայի միջուկային գիտության, միջուկային աստղաֆիզիկայի ուղղությամբ՝ ցիկլոտրոնի հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ,
  5. ԱԱԳԼ-ն վերածել տեխնոլոգիական առանցքի` համագործակցելով գիտական հաստատությունների և տեղեկատվական տեխնոլոգիական կազմակերպությունների հետ՝ կարևորելով համագործակցությունը ոչ միայն հայկական, այլև ՏՏ ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների հետ,
  6. ծավալել ակտիվ գործունեություն ֆիզիկայի աշխարհում արդեն հեղափոխական համարվող քվանտային հաշվարկների ոլորտում:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

  1. Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժին
  2. Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոն
  3. Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժին
  4. Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոն
  5. Հաշվիչ ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
  6. Տիեզերական ճառագայթների բաժին
  7. Փորձարարական ֆիզիկայի բաժին

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
 Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1944 թ.-ին, որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ՝ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Ավելի ուշ, Արագած սարի վրա ստեղծվեցին 2 տիեզերական Ճառագայթների կայաններ՝ «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։1963 թ.-ին ինստիտուտը տեղափոխվել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ։ Ինստիտուտի պատմության մեջ կարևոր ուղենիշ հանդիսացավ 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի շինարարությունը, որը ավարտվեց 1967 թ.-ին, դառնալով առաջին մասնիկների արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»)։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԵրՖԻ-ը շարունակում է հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ օգտագործելով աշխարհի ամենամեծ արագացուցիչները և տիեզերական ճառագայթների դետեկտորները։ Այժմ ԵրՖԻ-ը ստացել է Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կարգավիճակ։
Գիտական գործունեության համառոտ նկարագիր
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից դարձան տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը, ինչպես նաև առաջին վկայություններն այն մասին, որ գոյություն ունեն մասնիկներ մյուոնների և պրոտոնների միջև ընկած զանգվածներով։ Արագած սարի վրա՝ 3250 մ ծովի մակերևույթից բարձր, տիեզերական ճառագայթների կայանի հիմնադրումը Հայաստանում մասնիկների ֆիզիկայի զարգացմանը նպաստող քայլերից մեկն էր։ Այս կայանները մինչև այժմ հանդիսանում են ԵրՖի-ի Տիեզերական ճառագայթների բաժնի հետազոտությունների հիմնական բազան։ Վերջին ձեռքբերումներից են սուր ծնկի բացահայտումը սկզբնական միջուկների թեթև բաղադրիչների մեջ, էներգետիկ սպեկտրի նուրբ կազմությունների հետազոտությունները, արևի վրա արագացվող բարձր էներգիայի պրոտոնների գրանցումը և Արագածի Տիեզերական Միջավայրի կենտրոնի ստեղծումը 2000 թ-ին։6 ԳէՎ էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը ավարտվել է 1967 թ-ին։ 1970-1991 թվականների ընթացքում սինքրոտրոնի էներգիան հասել է մինչև 4,5 ԳէՎ և փորձարարական ֆիզիկայի բաժինը ձեռք է բերել զգալի արդյունքներ, այդ թվում ուսումնասիրել է ֆոտոնների հադրոնիկ հատկությունները միջուկներում π- մեզոնների ֆոտոծնման ռեակցիաներում, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը բազմաբևեռային գիտափորձերում, միջուկային նյութի կառուցվածքը և հատկությունները, անցումային և կանալացման ճառագայթումների կարևոր հատկությունները։ Այս հաջողությունների շնորհիվ սկսած 1985 թ.-ից Երևանի ֆիզիկայի ֆիզիկոսները հաջողությամբ ընդգրկված են միջազգային մեծ համագործակցությունների մեջ։ԵրՖԻ-ի ավանդական թեմաներից է եղել մասնիկներ գրանցող նոր դետեկտորների ստեղծումը։ Լայն կայծային խցիկները և անցումային ճառագայթման դետեկտորները, որոնք ստեղծվել են ԵրՖԻ–ում, աշխարհում փորձարարական տեխնիկայի մշակման լավ օրինակներ են։ Վերջին տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների խմբերը ակտիվորեն մասնակցել են արտերկրում միջանկյալ և բարձր էներգիայի ֆիզիկայի գիտափորձերին (JLab, DESY, CERN-LHC, MAX-lab, MAMI), ուսումնասիրելով մեզոնների և նուկլոնների կառուցվածքը, նուկլոնի էլեկտրամագնիսական փոխազդեցությունները, քվարկ-հադրոնային երկակիությունը, կարճ տիրույթի նուկլոն-նուկլոնային փոխհարաբերությունները, քվարկների հադրոնիզացիան միջուկային միջավայրում, ֆիզիկան ստանդարտ մոդելից դուրս, Հիգգս բոզոնի որոնումները, քվարկ-գլյուոնային պլազման, միջուկների և հիպերմիջուկների բաժանումը և տրոհումը և շատ այլ թեմաներ, ինչպես նաև մասնակցել են փորձարարական սարքավորումների կառուցմանը և զարգացրել ծրագրային միջոցներ տվյալների ձեռքբերման և վերլուծության համար։ Տեսական բաժինը ունեցել է խոշոր ձեռքբերումներ հետևյալ ոլորտներում. B-մեզոնի ֆիզիկա, QCD և հարակից ուղղություններ, նեյտրինոյի ֆիզիկա, քվանտային դաշտային տեսութուն, լարային/M-տեսության, ինտեգրվող մոդելներ, վիճակագրական ֆիզիկա, խտացված վիճակ և քվանտային տեղեկատվություն։ Այս արդյունքները միջազգայնորեն ճանաչված են և ունեն բարձր հղելիություն։1980-ականների կեսերին ԵրՖԻ-ում մշակվել է ստերեոսկոպիկ մոտեցման հայեցակարգ գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի մեջ՝ օգտագործելով բազմակի պատկերային Չերենկովյան աստղադիտակները (IACT). Այս գաղափարը շատ հաջող իրագործված է IACT համակարգում (HEGRA). Առաջին հաջողությունից հետո, հայ ֆիզիկոսները հաջողությամբ մասնակցել են IACT համակարգերի շահագործման մեջ Կանարյան կղզիներում (Magic) և Նամիբիայում (Hess). Երկար տարիների ընթացքում, ԵրՖԻ Կիրառական ֆիզիկայի բաժանմունքը հաջողությամբ ուսումնասիրում է նոր լայնաշերտ լազերային նյութերի էլեկտրոն-էներգետիկ կառուցվածքը՝ սինքրոտրոնային ճառագայթման սպեկտրի տարբեր շրջաններում։ Այդ հետազոտությունները իրականացվել են DESY-ում և կշարունակվեն MaxLab- II –ում (Շվեդիա)։Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր կարգավիճակը՝ բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրատարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի բաժին է ընկնում ինստիտուտի աշխատանքներին։ ԵրՖԻ-ի հոդվածների վրա հղումների քանակի հսկայական առավելությունը բացատրվում է նաև գիտական ամսագրերի առավել բարձր ազդեցության գործոնով, որտեղ ԵրՖԻ-ի գիտնականները հրատարակում են իրենց հետազոտությունների արդյունքները։

 
Նմանատիպ Նյութեր