Հայոց բանակի օրը Հանրային ռադիոն անդրադարձել է ՀՀ բանակի անվտանգությանը նպաստող ԱԱԳԼ գիտական գործունեությանը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են զինվորականները համապատասխան համազգեստ հագնում։ Գուցե այն հարմար է, ավելի տաք, բայց պակաս կարևոր չէ, թե օրինակ դրանք ինչպես են կլանում ջերմային ճառագայթները, կամ ինչպես են դրանք անդրադարձվում նույն այդ համազգեստի վրա։
 Այս գաղտնիքն են բացահայտում Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի նորաբաց նանոկառուցվածքների ու նանոնյութերի հետազոտության գիտական լաբորատորիայում։ Ավելի ճիշտ` գիտեն դրա մասին, բայց շատ փակագծեր չեն բացում։
 Ռազմարդյունաբերությունն ունի իր կանոնները։ ԵՊՀ ուսանողուհի, լաբորատորիայի պրակտիկանտ Ադրինե Արշակյանը պատմում է․  
«Այս պահին ես չափում եմ ինֆրակարմիր տիրույթում լույսի կլանումը և անդրադարձումը զինվորական համազգեստից։ Հետագայում ռազմական նպատակներով փորձեր ենք անելու։ Ստանում ենք  գրաֆիկական արդյունք, որից հետո ծրագրով բացում ու հետազոտում ենք պիկերը»։  
 Այս լաբորատորիայում երկակի նշանակության ծրագրով գրաֆենի հիմքով ինֆրակարմիր ճառագայթման ֆոնը քողարկող թաղանթների պատրաստման տեխնոլոգիան են մշակում՝ նախատեսելով նաև փորձնական լաբորատոր նմուշ ստեղծել։ Ծրագիրն իրականացվում է Գիտության կոմիտեի տրամադրած 40 մլն դրամ դրամաշնորհի շրջանակներում։
 Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի դասախոս, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի նանոկառուցվածքների ու նանոնյութերի հետազոտության գիտական լաբորատորիայի ղեկավար Նարեկ Մարգարյանը ասում է, որ բոլոր մարմինները, եթե նրանց ջերմաստիճանը տարբերվում էբացարձակ զրո աստիճանից, -273 0C-ից ավելի բարձր ջերմաստիճան ունեցողները, նաև՝  փողոցում ընկած երկաթի կտորը ունեն որոշակի ջերմային ճառագայթում։ Այն ինտենիսիվ է հատկապես տաք մարմինների դեպքում՝ օրինակ մարդու օրգանիզմից։ Թեպետ ճառագայթները մարդու աչքի համար անտեսանելի են, նրանց հնարավոր է  հայտնաբերել հատուկ սարքերի միջոցով՝ օրինակ գիշերային տեսանելիության ևջերմատեսիլայինսարքերի։
 Մեր առաջարկած տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ջերմային ճառագայթման ֆոնը քողարկել, այսինքն օբյեկտները դարձնել անտեսանելի այս սարքերի համար»․ Ոչ թե հետ նայել՝ պատրաստվելով անցյալի պատերազմներին, այլ՝ նախապատրաստվել ապագայի պատերազմներին։
 Իսկ այստեղ առաջնայինը ոչ թե մարդն է, այլ՝ գիտական միտքը՝ ասում է Նարեկ Մարգարյանը․ «Պետք  չէ, որ մենք պատրաստվենք անցած պատերազմներին։ Մենք մեր աչքի առաջ պետք է եկող պատերազմներն ունենանք։ Այստեղ նոր տեխնոլոգիաներ ու նոր լուծումներ են պահանջվելու։ Պետք է կարողանանք դրանք ինդենտիֆիկացնել, մարտահրավերներին համապատասխան լուծումներ առաջարկել։ Բավականին լուծումներ կան նյութագիտության, տեխնոլոգիականի մեջ։ Բայց հինգերորդ կամ վեցերորդ սերնդի տեխնոլոգիաներ ունենալու համար պետք է դեռ ճանապարհ անցնենք»։ 
 Գիտական խմբում ճանապարհն անցնում են տարբեր լաբորատորիաների գիտնականները նաև նույն ծրագրի շրջանակում։
 Էդուարդ Ալեքսանյանը երկակի նշանակության ծրագրի մասնակիցներից է։  Ստացված նյութերի օպտիկական հատկությունների ուսումնասիրություններով են զբաղվում կլանման, ճառագայթման, անդրադարձման սպեկտորկոպայով։ Պատմում է․ «Այս նյութերը շատ լավ անդրադարձիչ են։ Վերջին պատերազմները ցույց տվեցին, որ այժմ ԱԹՍ–ները մեծ դերակատարում ունեն, որոնք զգում են հենց օբյեկտների ինֆրակարմիր ճառագայթումը։ Եթե  մենք կարողանանք այս նյութերի միջոցով քողարկել ռազմական օբյեկտները, դրանով կլուծենք մի շատ կարևոր հարց՝ կքողարկենք մեր ռազմական օբյեկտները։
 Հայ գիտնականների ինչպիսի հետազոտություններն ու առաջարկները կօգնեն լուծել մեր երկրի անվտանգային խնդիրները․ նանոկառուցվածքների ու նանոնյութերի հետազոտության գիտական լաբորատորիայի ղեկավար Նարեկ Մարգարյանը ընդգծում է․ «Անվտանգային խնդիրները կարելի է երկու տեսանկյունից դիտարկել՝ առաջինը ուղիղ  տեխնոլոգիա մշակել ու տեխնոլոգիական լուծում տալ։ Երկրորդ՝ կարելի է զարգացնել գիտությունն ու հատկապես այդ ուղղությամբ գիտական դպրոցները, հնարավորություն տալ, որ ձևավորվի  նորմալ գիտական մոտեցում, որը հնարավորություն կտա  ադապտացվել ու դիմակայել տեխնոլոգիական մարտահրավերներին։ Առաջին տեսանկյունից եթե նայենք, առաջարկում ենք տեխնոլոգիա ու փորձարարական նմուշ։ Բայց որպեսզի դառնա տեխնիկական լուծում, նախատիպ, պետք է որոշակի ճանապարհ անցնի»։    
 Ի՞նչն է խանգարում, որ առաջարկը կամ առաջարկները քայլեն դեպի արտադրություն՝ հատկապես ռազմարդյունաբերության ոլորտի նախագծերը։ Պատճառները տարբեր են. Էդուարդ Ալեքսանյանն արձանագրում է․ «Այն նյութերը, որ մենք հիմա ստանում ենք, իրենք ստացվում են միլիգրամների զանգվածով կամ շատ փոքր մասշտաբով։ Որպեսզի մենք մեծ արտադրանք ունենանք, պետք է փոխենք սինթեզի քանակն ու ձևը։ Մեր սարքավորումները թույլ չեն տալիս շատ մեծ քանակներով արտադրել։ Արտադրում ենք լաբորատոր պայմանների համար»։
 Գիտություն-տնտեսություն ճանապարհին խնդիրներն են շատ։ Մի կարևոր օղակ, այդուհանդերձ բաց է մնացել։ Գիտնականները միշտ էլ լուծումներ առաջարկում են, այլ հարց է, թե որքանով կհաջողվի դրանք տնտեսություն բերել։ Իհարկե, նպատակը  գիտելիքահեն տնտեսություն ունենալն է, բայց դա միայն գիտնականը չի կարող անել։  
 
Նմանատիպ Նյութեր