Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տիեզերական ճառագայթների բաժանմունքի հիման վրա ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների գիտակրթական կենտրոնի ներքո գործում է ֆիզիկա մասնագիտության «Միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա» կրեդիտային համակարգով երկամյա մագիստրոսական կրթական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է արդի հետազոտական խնդիրների հիման վրա ուսուցանել փորձարարական ֆիզիկայի հիմնարար դրույթները, ինչպես նաև խորքային գիտելիքներ փոխանցել կիրառական հետազոտությունների ոլորտում:
Ուսումնական գործընթացը հիմնված է ժամանակակից հետազոտական մեթոդների, գիտափորձերի նախագծման, մոդելավորման ու տվյալների վերլուծության վրա: Մագիստրոսական ծրագրի շրջանակում անցկացվում են գիտական սեմինարներ, ինչպես նաև գիտահետազոտական պրակտիկա, որն ուսանողին ու ապագա գիտնականին տալիս է գիտափորձեր կատարելու և արդյունքներն ինքնուրույն վերլուծելու, գիտական նյութը ներկայացնելու և գնահատելու հմտություն:
Ուսանողներին տրվում է նաև հնարավորություն՝ մասնակցելու ԱԱԳԼ նախընտրած բաժանմունքի գիտահետազոտական աշխատանքներին:
ԱԱԳԼ մագիստրատուրայում դասավանդում են կազմակերպության առաջատար գիտնականները: Մագիստրոսական ծրագրի բոլոր շրջանավարտները մինչև օրս շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը միջազգային կազմակերպություններում և ԱԱԳԼ տարբեր բաժանմունքներում:
ԿԳՍՆ կողմից սահմանված ընդունելության ժամանակացույցը և պահանջվող փաստաթղթերի ցանկը հրապարակվում են ԱԱԳԼ պաշտոնական կայք էջում, ըստ տվյալ տարվա ընդունելության պահանջների: